Մարտի ընտրարշավն էլ այսպիսին պիտի լիներ՝ մի օր անձրև, մի օր՝ ձյուն: Անգամ ցիկլոնները չեն կասեցնում ընտրվողների ընտրվելու բուռն ցանկությունը՝ ժամանակի մեջ տեղավորվելու համար՝ նրանք պատրաստ են թրջվել, մրսել, բայց չեն կարող ընտրողին չտեսնել: Ընտրարշավը օր առ օր մոտենում է ավարտին, մնացել է 10 օր: 10 օրում կուսակցություններն ու դաշինքները պիտի հասցնեն լինել իրենց համար հնարավորինս ձայնատու բնակավայրերում: 10 օրում պիտի ասեն՝ ինչ չեն ասել ու անեն՝ ինչ չեն արել: 10 օր պիտի համոզեն, որ արժանի են եթե ոչ առաջինը լինել, գոնե՝ լինել խորհրդարանում: Իրականում 10 օրում ոչինչ չի որոշվում: Վերջին 10 օրը հոգնածության ու նյարդայնության ի հայտ գալու ժամանակն է: Փոխադարձ հոգնածության ու դժգոհության: 10 օրվա մեջ հնարավոր չէ տեղավորել հավակնությունները, չարածները դարձնել խոստում ու ձայնի երաշխիք:
Եթե ընտրարշավի սկզբում գլխավոր թեման էր ընտրակաշառքը, վերջնագծում թեմա են հետընտրական դաշինքները, որ ընտրարշավին քաղաքական ուղղվածություն հաղորդելու փորձ է: Թերևս: Ընտրակաշառքը, այնուամենայնիվ, գործողությունների առանցքում է: Եվ դա կախված չէ որևէ կուսակցության կաշառք բաժանելու կամ չբաժանելու մտադրությունից: Համաժողովրդական ակնկալիք է, որ քաղաքականության պարտություն է:
Տոտալ պարտություն: Ի՞նչ ակնկալիք ունենա ընտրողը, եթե խորհրդարանի ընտրությունները համարում է կենցաղային կարիքների բավարարման հինգ տարին մեկ տրվող հնարավորություն: Մեկ ամիս՝ երկիրը կապիտալ վերանորոգելու համար: Անձնական տնտեսությունն էլ՝ հետը: Դա փոխհամաձայնություն է ընտրողի ու ընտրվողի միջև: Պարտքերը մարելու, ջրագծերի ու կոյուղու վերականգնման, փլվող տան ու տանիքի, ճանապարհների ասֆալտապատման, պարարտանյութի, սերմացուի, ֆինանսի՝ դուք հավելեք, բոլորդ էլ գիտեք՝ ինչ է ձեզ պետք և ինչ կարող եք ստանալ գնից էժան կամ ձրի: Սա անհերքելի վկայություն է, թե որ կառույցը ինչպես է աշխատում, որ օղակում ինչ չի արվել, ինչպես պիտի փոխվեն օրենքները, ու ինչ պիտի արվի, որ օրենքները կատարվեն:
Ընտրարշավը ծայրից ծայր հերքումն է, որ Հայաստանում կայացած են տեղական ինքնակառավարման մարմինները: Եթե նրանք աշխատեին, այսքան խնդիրներ չէին լինի:
Անձնականի մասով՝ մարդկանց պետք է աշխատանք: Եթե պետությունը ի նպաստ քաղաքացու գործեր, ընտրողն այսօր իրեն իրավունք չէր վերապահի մտնել պատգամավորի թեկնածուի գրպանը:
Պարանի հակառակ ծայրում պատգամավորի այն թեկնածուներն են, որ տասնամյակներով իշխանության մեջ լինելով` իրենց իրավունք են վերապահել մտնել ընտրողի գրպանը և այսօր վճարում են մեկ միլիոներորդ մասը իրենց անաշխատ եկամուտի: Փոխարենը ստանալով բարերարի, մեկենասի, գործատուի, փրկչի ու երկրի վրա Աստծո տեղակալի կոչում և, իհարկե, քվե: Քաղաքականության պարտությունն է, որ այդպես էլ հասարակական գիտակցության մեջ չի ամրագրվում՝ փրկիչներ չկան ու չեն լինում, իրենց ոչ թե կեղծ փրկիչ է պետք, այլ նորմալ կյանք, որ պարտավոր է ապահովել իշխանությունը: Չի ապահովում, պիտի հեռանա, որ գան նրանք, ովքեր կարող են: Փրկիչներ չկան ու չեն լինում՝ որքան էլ սա ասվի՝ ընտրողը ձեռքից բաց չի թողնի գոնե մեկանգամյա փոխհատուցման հնարավորությունը: Որովհետև նրան ընտելացրել են պորտաբույծի հոգեբանությանը, որ պիտի կերակրեն, ոչ թե ինքը ուտելիք վաստակի: Ընտելացրել են տասնամյակներ՝ զրկելով աշխատանքից, արդարադատությունից, ամեն օր ապացուցելով, որ օրենքները, իրավունքները իրենց համար չեն: Իրենց ձայնը, կամքը, ընտրությունը ոչինչ են ու ոչինչ չեն փոխի:
Ինչո՞ւ, ուրեմն, քաղաքական գործիչները չեն ընդունում իրենց պարտությունը ու շարունակում են իբր քաղաքականություն անել, երբ քաղաքականությունը բովանդակազրկել ու այլասերել են՝ դարձրել առարկայական, նյութական՝ առուծախի ենթակա: Բայց սա միայն քաղաքականության պարտությունը չէ, սա բոլորիս պարտությունն է, որ կորցրել ենք դիմադրողականությունը, ընտելացել խաբվելուն ու ստերին, տրվում ենք խաղին ու խաղում ենք: Լուրջ տեսքով: Երբեմն՝ ինքնամոռաց: Հավատով ու հույսով: Հեռանկար որոնելով: Սա պետության պարտությունն է, որ քառորդ դարում ժողովրդին վերածել է սպառողների հասարակության կամ ամբոխի, որ չունի արժեքներ ու որոնում է փրկիչներ: Այս ընտրության հիմնաթեման սա է, որ, սակայն, նախադեպ ուներ նախորդ ընտրությունները, այսինքն՝ հաջորդ ընտրություններում էլ թեման կենսունակ կլինի: ՈՒ կենսունակ է այնքան, քանի դեռ ամբոխը ժողովրդի չի վերածվել, քանի դեռ ամբոխի մեջ ինքնագիտակցությունը չի արթնացել, ու չի գերակայել քաղաքացու արժանապատվությունը, ում հնարավոր չէ խաբել, ով չի ուզում խաբվել ու պատրաստ է կրել իր որոշումների պատասխանատվությունը:
Ի՞նչն էր բնորոշ ընտրարշավի անցած օրերին՝ խոստումներից ու ինքնագովազդից բացի: Ի՞նչ կար ընտրարշավի ներսում: Պատռված պաստառներ, փշրված ապակիներ, ծեծկռտուքներ, դանակահարություններ, կրակոցներ, կոտրված ոտքեր ու ողեր: Առաջին ալիքով՝ արդարադատության պահանջ, երկրորդ ալիքով՝ հայտարարություն, որ կատարվածը կենցաղային վեճի հետևանք է: Երրորդ ալիքով՝ հաշտված կողմեր, որ միմյանցից պարտք ու պահանջ չունեն: ՈՒ ճիշտ նույն շրջագծում նորանոր դեպքերի սպասում: Բացահայտորեն՝ կուլիսներում ինչ-որ որոշումներ են ընդունվում, ծրագրեր են մշակվում, որոնց մասին կատարողները պատկերացում չունեն, նրանք զինվորիկներ են իրենց իսկ անհայտ խաղում, որ պատրաստ են ինքնամոռաց խաղալ, որովհետև այդպես է պետք: Ո՞Ւմ: Մեկին ու մի քանիսին, որ միշտ ստվերում են:
Դաշինքների մասին՝ ցանկացած ընտրություններում այս թեման կա: Սա դասական հարց է՝ եթե որևէ քաղաքական ուժ կառավարություն կազմելու բավարար ձայներ չի հավաքում, կազմվում են կոալիցիաներ համախոհ ուժերից: Իշխանական ու ընդդիմադիր: Միավորման հիմքում կարող են լինել կոմպրոմիսներ: Հայաստանի փորձը ցույց է տվել, որ կազմվում են իրավիճակային կոալիցիաներ՝ պահի թելադրանքով, և որպես կանոն հաշվի չեն առնվում ոչ գաղափարները, ոչ նախընտրական կոչերն ու ելույթները, գերակայում է պրագմատիկ քաղաքական շահը՝ իշխանություն ունենալ: Որպես կանոն՝ իրավիճակային կոալիցիաները որոշ ժամանակից կազմաքանդվում են, մի քանի պորտֆելով պատասխանատվություն կիսելն անիմաստ է, երբ որոշումների վրա ազդելու հնարավորություն ՀՀԿ-ն ոչ մի քաղաքական ուժի չի թողնում:
Ինչո՞ւ հենց ՕՐՕ-ն առաջարկեց խորհրդարանում հայտնվելուց հետո ընդդիմադիր ուժերին ազգային համաձայնության իշխանություն ձևավորել՝ բացառելով ՀՀԿ-ին: Ցանկությո՞ւն էր, թե՞ տեխնոլոգիա: 99 %-ով՝ տեխնոլոգիա: ՕՐՕ-ին օդուջրի պես պետք էր ցրել Սամվել Բաբայանի հարուցած «արյունահեղության» մթնոլորտը ու իրենից հեռացնել նրա ստվերը, վերադառնալ քաղաքականություն: Սա` մեկ, երկրորդ՝ պետք էր ընտրողի մեջ ամրապնդել վստահությունը, թե ՕՐՕ-ն խնդիր չի համարում 7 %-ը հաղթահարելը և մտածում է հետընտրական քայլերի մասին: Երրորդ՝ ընտրողների մեջ ամուր է միֆը, որ բոլորը պետք է միավորվեն, և շահում է նա, ով միավորման կոչ է անում: Թեկուզ՝ հստակ գիտակցելով, որ միավորումը ռեալ չէ: Ի՞նչ էր ասում Սեյրան Օհանյանը: Որ՝ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք և պետք է մինչև ընտրությունները միասնաբար քննարկել և ստորագրել հուշագիր: Գուցե միակ խնդիրը ՀՀԿ-ին հնարավոր դաշնակցից զրկելն էր: Այսինքն՝ հաշվարկը արվում էր ելակետից, որ ՀՀԿ-ն չի ունենալու 50+1 %: Թիրախում ԲՀԿ-ն էր, որ հանկարծ չմիանա ՀՀԿ-ին: «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ այդ էր հայտարարել, որ իր պատիվը չի վաճառի ու կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ: Ավելին՝ գնում են մեծամասնություն վերցնելու: Բայց նույնիսկ ՀԿԿ-ն է հայտարարում, որ պատրաստ է իշխանություն ձևավորել, որ երկիրը փրկի, ուր մնաց` ԲՀԿ-ն չհայտարարի: Դա խաղի կանոն է՝ եթե չես ասում, որ հաղթելու ես, քեզ հաղթող չեն համարում: Որևէ հայտարարություն այսօր ոչինչ չի նշանակում: Նախ պետք է խորհրդարանում հայտնվել: Երկրորդ՝ միայն խորհրդարանում հայտնվելուց հետո քաղաքական ուժերը կարող են սեփական հնարավորությունները գնահատել ու դաշինքներ կազմելու կամ չկազմելու նպատակահարմարությունը որոշել: Երրորդ՝ այսօր նրանք նախընտրական տրամաբանության մեջ տարբեր հայտարարություններ են անում, վաղը կարող են հակառակ որոշումներ ընտրել հետընտրական տրամաբանության մեջ: Նախադեպեր եղել են: Գագիկ Ծառուկյանին կոալիցիա պետք չէ, ոչ էլ ՀՀԿ-ին է պետք Ծառուկյանի հետ կոալիցիա: ԲՀԿ-ն պետք է որպես անկախ նետաձիգ, որ որևէ համքարության անդամ չի դառնում: Դա է նրա գինն ու արժեքը եղել նախկինում ու լինելու է հետո: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին պետք է իբրև կառավարելի ընդդիմություն, որ փակում է իրական ընդդիմության ճանապարհը: Հավասարակշռում է, քաղաքական դաշտը դարձնում է իշխանության համար անվտանգ, լիցքաթափում է վտանգավոր բացասական լիցքերը, քննադատում է ու պահանջում՝ կանոնավոր ու չափավոր: Դա է ԲՀԿ-ի առաքելությունը: Չի կարող երկրի թիվ մեկ օլիգարխը ընդդիմություն լինել՝ ի վերջո նա ինքը 2015-ին դա ապացուցեց: Նրան համարել ընդդիմություն՝ նույնն է, թե սպասել, որ Գագիկ Ծառուկյանը մի օր Հարվարդի պրոֆեսոր կդառնա: Հավելեք, որ ընտրությունները 2017-ով չեն ավարտվում, հաղթելու դեպքում ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018-ի ապրիլին ևս լուծարվելու է, ու չի բացառվում, որ Կարեն Կարապետյանին թողնելով Հանրապետության հրապարակն ու ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը հիմնավորվի Մելիք-Ադամյանում ու ստիպված լինի ՀՀԿ-ին հավասարակշռել հենց ԲՀԿ-ով, փաստացի իր հենարանը ու իր կուսակցությունը ԲՀԿ-ն դարձնելով: Տարբերակները շատ են, գոյության իրավունք ունեն ու կունենան, քանի դեռ ամբոխը ժողովուրդ չի դարձել: Միայն պատերազմի համար չէ ինքնագիտակցությունը, խաղաղության օրերին ևս կենսական է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Այս ընտրությունները ևս մեկ յուրահատկություն ունեն՝ ներկա ու ապագա արտաքին քաղաքականության մասին լռությունը: Նույնիսկ Ղարաբաղի հարցի մասին խոսում է միայն ՀԱԿ-ը: Կարծես՝ բացի «Ելք»-ից ու «Ազատ դեմոկրատներ»-ից քաղաքական ամբողջ դաշտը նայում է հյուսիս ու տեսնում է միայն Մոսկվա: Իսկ Մոսկվայում փոխարենը տեսնում են առաջին ուժ ՀՀԿ-ին, երկրորդ՝ ԲՀԿ-ին, անհրաժեշտ՝ ՀԱԿ-ին: Առաջին երկուսի դեպքում պարզ է պատճառը, ՀԱԿ-ը պետք է Լավրովի պլանի համար հետագայում՝ իշխանությանը Կրեմլի կամքը պարտադրելու: Մոսկվան միշտ էլ Հայաստանում խաղարկել է ոչ միայն իշխանության, այլև «ընդդիմության» վրա իր լծակները: Կարևորը ժամանակին ճիշտ ընտրելն է, որ հետագայում անցանկալի անակնկալներ չլինեն: Հարավային Կովկասը խառնարան է, որտեղ պիտի հենարան ունենաս: Մոսկվան չընտելացավ իրականությանը, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, ստեղծվել են անկախ պետություններ, որոնց հետ պետք է ՀԱՄԱգործակցել, ոչ թե նրանց օգտագործել: Փոխարենը հետխորհրդային տարածքում կուսակցությունները սեփական պետության ինքնիշխանությունը վերջին պլան մղելով՝ սկսեցին գործակցել Մոսկվայի հետ՝ երկրում իրենց հարցերը կարգավորելու համար: Եթե իշխանությունն ինչ-որ բացատրություն ունի՝ տնտեսական, քաղաքական, ընդդիմության դեպքում աբսուրդ է, եթե պայքարում է իշխանության դեմ, որ իրավիճակ փոխի: Նույն պայմանները պահպանելով՝ ամրապնդում ես արդյունքն ու հետևանքները: Գուցե ա՞յդ պատճառով է Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ:
Ավազակապետության մասին խոսել է, բուրժուա-դեմոկրատականի՝ նույնպես, ռացիոնալ Ալիևի ու peace now` ևս, քաղաքագիտական նոր վերլուծություն չկա: ՈՒ դա ելք չէ: Անգամ երբ Մոսկվան խոսում է հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ անվանելով ԵԱՏՄ սահման: ԵԱՏՄ-ն պետություն չէ, պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, որին սեփական ելքն է պետք, սեփական անվտանգությունը: Քաղաքականության պարտությունը դատավճիռ չէ, ընթացք է, որ պետք է գնաս հանուն անկախության: Եվ՝ մինչև վերջ: